Հայ բժիշկները, ֆելդշերներն ու բուժքույրերը Արցախյան պատերազմի ժամանակ օգնում էին ոչ միայն վիրավոր հայերին, այլ նաեւ ադրբեջանցիներին: Իր հիշողություններով NEWS.am Medicine-ի հետ կիսվել է վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ով մասնակցել է Արցախյան գոյամարտին եւ ղեկավարել Ֆիզուլիի զինվորական հոսպիտալը:
Հայ բժիշկները, վիրաբույժի խոսքով, վերաբերվում էին հակառակորդի վիրավոր զինվորներին, այնպես, ինչպես վերաբերվում են վիրավորներին առհասարակ: Ոչ միայն բուժում էին նրանց, ալ նաեւ կերակրում եւ անհրաժեշտության դեպքում վիրահատում:
«Ես անձամբ 9 ադրբեջանցի եմ վիրահատել: Դա ոչ թե հասարակ առաջնային բուժօգնություն էր, այլ լուրջ վիրահատություններ էին», - նշել է վիրաբույժը:
Լոինում էին, սակայն, դեպքեր, երբ տեղի բնակիչները, իմանալով, որ զինվորական հոսպիտալում վիրավոր ադրբեջանցիներ կան, փորձում էին վնասել նրանց, սակայն բուժաշխատողները կասեցնում էին այս փորձերը:
Ինչ վերաբերվում է գերիներին, նրանք տարբեր էին, եւ բոլորն էլ տարբեր կերպ էին վերաբերվում հայերին: Նրանց վերաբերմունքը, սակայն, բժիշկ Տոնոյանի խոսքով, ոչ մեկին չէր հետաքրքրում: Բժիշկներն իրենց գործն էին անում, բուժում նրանց, վիրահատում եւ հանձնում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, ադրբեջանցիներին հետագայում փոխում էին հայ գերիների կամ ընկածների մարմինների հետ:
Կար վիրավորների մեջ մի զինվոր, որը ծննդով հենց Ֆիզուլիից էր, վիրավորվել էր ոտքից: Զրուցելով բժիշկ Տոնոյանի հետ՝ նա ասեց, որ ընդամենը մեկ ցանկություն ունի՝ շրջել Ֆիզուլիի՝ մանկուց ծանոթ փողոցներով: Բժիշկը խնդրեց վարորդին մեքենայով շրջել այդ ադրբեջանցու հետ քաղաքի փողոցներով, տանել նրան իր նախկին տան մոտ: Երեկոյան վերադարձած զինվորը շատ հուզված էր, նա շնորհակալություն հայտնեց բժշկին:
Վիրավորների շրջանում ոտքի կոտրվածքով մի ադրբեջանցի կար: Նրա ոտքը շատ հմուտ կերպով էր անշարժացվել: Զննելով նրան՝ զարմացած բժիշկը հարցրեց, ով է նրան առաջին բուժօգնություն ցույց տվել: Պարզվեց, որ գերին ինքն էր դա արել, հավանաբար, նա շատ լավ էր պատրաստված: Նաեւ խոսում էր ռուսերեն:
«Նա մեր օգնության կարիքն ուներ, սակայն, չնայած դրան, հանկարծակի բացականչեց. «Մենք միեւնույն է ձեզ կհաղթենք»», - հիշում է բժիշկ Տոնոյանը:
Բժիշկը հիշում է նաեւ մի պատանու, որին ստիպողաբար էին բերել մարտի դաշտ: Բռնել էին ճանապարհին, երբ նա գնում էր քաղաք՝ աքլորներ վաճառելու: Երկար ժամանակ տղան չէր կարողանում հասկանալ, ինչ է կատարվում, եւ ուր են տանում նրան, իսկ իր աքլորներին նա կորցրել էր գերի ընկնելուց առաջ:
Նշենք, որ Հայաստանում և ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:






