Պատերազմի ժամանակ, մշտական բարդությունների ու տառապանքների ֆոնին դրական էմոցիաները պարզապես անհրաժեշտություն էին: Այդ պատճառով մարդիկ բաց չէին թողնում տոները:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասին իր հիշողություններով է կիսվել վիրաբույժ Տարոն Տոնոյանը, որը պատերազմի տարիներին Ֆիզուլու զինվորական հոսպիտալն էր ղեկավարում:
«Պատերազմի տարիներին մարդկանց զգացմունքները սրվում են: Նրանք սկսում են ավելի ինտենսիվ ուրախանալ ու տխրել, քանի որ ապրում են ու չգիտեն, ինչ կլինի հաջորդ օրը», - նշեց բժիշկը:
Չնայած պատերազմական իրավիճակին՝ Ֆիզուլիում գտնվող զինվորական հոսպիտալի աշխատակիցները եւ բոլոր վիրավորները նշում էին ծննդյան օրերը, մարտի 8-ը, Նոր տարին: Եվ բավականին լավ էին նշում, ուրախ: Հոսպիտալում, բժշկի խոսքով, կար տոները նշելու համար անհրաժեշտ ամեն ինչ: Նույնիսկ կիթառ ունեին:
«Մենք երգում էին, պարում, կատակում… Հոսպիտալին կից ճաշարան կար՝ մեծ սեղանով, որի շուրջ էլ բոլորը հավաքվում էին»:
Տոներից դուրս եւս սոված չէին մնում: Բժիշկ Տոնոյանի խոսքով՝ բացառված չէ, որ հենակետերում կանգնած զինվորների մոտ կարող էր մթերքի պակաս լինել, սակայն հոսպիտալում այդպիսի խնդիրներ չկային: Բոլորն էլ լավ էին սնվում:
«Տաք սնունդ, իհարկե, կարող էր եւ չլինել, շոկոլադ, սուրճ եւ այլ նման բաներ եւս չկային, բայց դա ոչ մեկին չէր հետաքրքրում: Մենք ունեինք հաց, պանիր, թթու, իսկ լուրջ տոներին՝ նաեւ գառան միս, որը բերում էին շրջակա գյուղերի բնակիչները», - հիշեց բժիշկը:
Նշենք, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը:






