Վիրաբույժ Տարոն Տոնոյանը այն բժիշկներից մեկն է, ով մասնակցել է Արցախյան գոյամարտին. 1991-ից մինչեւ 1995-ը նա զինվորական վիրաբույժ էր եւ բազմաթիվ կյանքեր է փրկել:
Այսօր, երբ Հայաստանն ու Արցախը տոնում են Շուշիի ազատագրման օրը, վիրաբույժը NEWS.am Medicine-ի հետ կիսվում է իր հիշողություններով:
1991 թվականին բժիշկն անդամագրվեց Դաշնակցության ջոկատներից մեկին՝ որպես հասարակ զինվոր, սակայն այնուհետեւ հրամանատարն իմացավ, որ իր ջոկատում բժշկական համալսարանի երկու ուսանող կա, եւ այդ օրվանից բժիշկ Տոնոյանն ու Վահե Բաղդասարյանը Կաքավաձոր գյուղից ստիպված եղան անցնել իրենց մասնագիտական կարողությունների կատարմանը:
Սկզբում զինվորական բժիշկ լինելու գաղափարը մեր զրուցակցին այնքան էլ դուր չեկավ, քանի որ նա ավելի գործուն մասնակցություն էր ուզում: Սակայն, տեսնելով, որ պատերազմը թեժանում է, իսկ բժշկական ծառայությունը պատշաճ կարգով կազմակերպված չէ, բժիշկը հասկացավ, որ թիկունքում նա ավելի օգտակար կլինի: Այդ ժամանակ նա համակերպվեց այն մտքի հետ, որ ոչ թե զինվոր է լինելու, այլ բժիշկ, եւ զենքը փոխեց վիրաբույժի դանակով:
Երբ ազատագրվեց Ֆիզուլին, այնտեղ զինվորական հոսպիտալ կազմակերպվեց, որի ղեկավարը դարձավ բժիշկ Տոնոյանը: Հոսպիտալն, իհարկե, ստեղծվում էր պատերազմի պայմաններում՝ օգտագործելով այն ամենը, ինչ կար ձեռքի տակ: Ավելի ուշ՝ 1994 թվականի ամռանը՝ զինադադարի ընթացքում, հոսպիտալը վերանորոգեցին՝ սպասելով ռազմական գործողությունների վերսկսմանը: Աշնանը հոսպիտալն արդեն պատրաստ էր, սակայն ռազմական գործողությունները չվերսկսվեցին, եւ հետագա մի քանի տարիներին հոսպիտալը շարունակում էր գործել, սակայն ոչ նախկին ծավալով:
1995 թվականի դեկտեմբերին բժիշկը վերադարձավ Երեւան եւ մինչ օրս աշխատում է որպես վիրաբույժ:
Նրա խոսքով՝ պատերազմի տարիներին շատ դժվար էր, սակայն շատերի համար դրանք լավագույն տարիներն էին: Հատկապես այն մարդկանց համար, որոնք իրենց կյանքի իմաստն են տեսնում մարդկանց, ազգին ու ժողովրդին ծառայելու մեջ:
«Ինձ համար եւս դրանք զարթոնքի տարիներ էին: Ես ինքս Ցեղասպանության ժամանակ Սասունից գաղթածների թոռ եմ: Պապիկիս կողմից ընդամենը երկուսը եւ տատիկիս կողմից ընդամենը երեքը կարողացան փրկվել, պատկերացնում եք՝ երեք հոգի մի մեծ գերդաստանից: Այդ պատճառով մեզ համար մեր հողերի մի մասը ազատագրելու հնարավորությունը իսկական հոգեւոր զարթոնք էր», - պատմեց բժիշկը:
Նշենք, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում այսօր եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը:






