Իր հիշողություններով NEWS.am Medicine-ի հետ կիսվել է վիրաբույժ Տարոն Տոնոյանը, ով մասնակցել է Արցախյան գոյամարտին եւ ղեկավարել Ֆիզուլիի զինվորական հոսպիտալը:

1994 թվականի հունվարին ադրբեջանցիներն անցան լայնամասշտաբ հարձակման եւ օրվա ընթացքում ավելի քան 20 կմ առաջացան Արաքսի հունով: Հայկական կողմը բավականին մեծ կորուստներ ունեցավ, եւ, կարծես թե, զորքերում փոքրիկ տագնապ էր սկսվում, քանի որ հարձակումը իսկապես լայնամասշտաբ էր:

Հունվարի 7-ին ադրբեջանցիներին հոսպիտալից ընդամենը 11 կիլոմետր էր բաժանում: Այդ ժամանակ հրամայեցին՝ բոլոր թիկունքայինները, որոնց թվում էին ոչ միայն շտաբի, զինանոցի ու մթերային ապահովման ծառայության աշխատակիցները, այլ նաեւ Ֆիզուլիում գտնվող հոսպիտալի բուժանձնակազմը, պետք է նահանջեն:

«Նման բաները պատերազմի ժամանակ սովորաբար նախապես որոշված են: Եթե թշնամին շատ է մոտենում, մեր հոսպիտալը նահանջում է դեպի Ազոխ», - պատմեց բժիշկը:

Բայց նահանջելու հրամանի հետ հոսպիտալի բուժանձնակազմն, ամեն դեպքում, չէր կարող համակերպվել…

ՙՄթնում էր: Վիրահատության սեղանին երկու ծանր վիրավոր էին, որոնք չէին դիմանա նահանջին: Բացի այդ՝ կային նաեւ շատ հիվանդներ, որոնց դեռ չէին հասցրել Ստեփանակերտ կան Երեւան տեղափոխել, անընդհատ նոր վիրավորներ էին բերում, քանի որ այդ օրերին հոսպիտալը թեժ մարտերի տարբեր վայրերից էր վիրավորներ ընդունում՝ Մարտունուց մինչեւ Արաքս:

Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում հոսպիտալում ոչ մի խուճապ չկար: Իհարկե, բոլորը շատ լարված էին, բայց շարունակում էին իրենց գործն անել եւ հավաքել իրերը՝ տեղափոխվելու համար:

Հոսպիտալում շատ կանայք կային՝ բուժքույրեր, ում եղբայրները, որդիներն ու ամուսինները պատերազմի դաշտում էին: Քանի որ վիրավորները շատ էին, նրանցից շատերին բուժաշխատողները միանգամից Մարտունի կամ Հադրութ էին տեղափոխում, քանի որ բոլորը գիտեին, որ շուտով նահանջելու են: Կանայք, իհարկե, մտածում էին, որ տեղափոխվածների մեջ կարող էին լինել իրենց բարեկամները, սակայն որոշեցին չգնալ նրանց հետ, այլ սպասել եւ նահանջել հոսպիտալի հետ միասին:

Ամեն ինչ արդեն պատրաստ էր, բոլորը սպասում էին մեկնելուն: Երկու բեռնատար էլ սպասում էին հոսպիտալի դիմաց:

«Այդ երեկո ես որոշում ընդունեցի: Մենք մնում ենք: Ես գիտեի, որ վիրավոր զինվորները հավատում էին մեզ եւ հույսեր կապում հոսպիտալի հետ: Նրանք գիտեին՝ ինչքան էլ ծանր վիրավորվեն, եթե հասնեն հոսպիտալ, ողջ կմնան: Դա հաշվի առնելով՝ ես հասկացա, որ մենք չենք կարող նահանջել: Եթե զինվորները կապով իմանային, որ Ֆիզուլիի հոսպիտալը նահանջել է, նրանք թեւաթափ կլինեին: Այդ պատճառով մենք մնացինք», - պատմեց բժիշկ Տոնոյանը:

Իսկ ինչպիսի՞ն էր բուժանձնակազմի արձագանքը:

«Պատկերացրեք՝ ոչ ոք, ոչ ոք չփորձեց ընդդիմանալ եւ վիճել ինձ հետ: Մենք մնացինք, եւ ես հավատում են, որ դա որոշակի դեր խաղաց պատերազմի հետագա ընթացքում», - նշեց բժիշկը:

Հաջորդ իսկ առավոտ հակառակորդին կանգնեցրեցին, իսկ կշեռքի նժարը թեքվեց մեր կողմ: Բժիշկները շարունակեցին աշխատել հոսպիտալում: Երկու ծանր վիրավորներին, որոնք չէին դիմանա նահանջին, վիրահատեցին, երկուսին էլ տեղափոխեցին Ստեփանակերտ:

Այդ օրը, բժիշկ Տոնոյանի համոզմամբ, Արցախյան գոյամարտի ամենակարեւոր օրերից էր: