Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Լիբերիայում Էբոլայի համաճարակը հաղթահարելու մասին: Լիբերիայում վերահսկիչ շրջանի՝ վերջին 42 օրվա ընթացքում, հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:

Վերահսկիչ ժամանակահատվածը հավասար է երկու ինկուբացիոն շրջանների տեւողությանը՝ վարակվելու դեպքում հիվանդությունն արտահայտվում է 21 օրվա ընթացքում:

Էբոլայից մահվան վերջին դեպքը Լիբերիայում գրանցվել է մարտի 27-ին: Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն-Սերլիֆը իր երկրի բնակիչներին անվանել է «իսկապես երջանիկ ժողովուրդ» եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդ ունեն այս երկրում Էբոլայի դեմ պայքարի գործում:

ԱՀԿ-ն, սակայն, զգուշացրել է, որ առայժմ վաղ է ուրախանալ, քանի որ կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, գոյություն ունի վիրուսի՝ Լիբերիա կրկին ներթափանցելու վտանգ՝ տարածաշրջանի «սահմանների բացարձակ անցանելիության հետեւանքով»:

Հիշեցնենք, որ հարեւան Գվինեայում եւ Սիերա Լիոնեում Էբոլայի դեմ պայքարն առայժմ շարունակվում է: Հիշեցնենք նաեւ, որ մահացու վիրուսով վարակման առաջին դեպքերը արձանագրվել են Գվինեայի Նզերեկորե հարավ-արեւելյան շրջանում: Այնուհետեւ համաճարակը ներթափանցել է Լիբերիա եւ Սիերա Լիոնե: Վերջին տվյալներով՝ Էբոլայից մահացածների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 11 հազարը: Ամենամեծ կորուստներն է տարել Լիբերիան՝ 4.7 հազար մահվան դեպք: