Բրիտանական կլինիկաներից մեկում սկսել են օգտագործել նոր սարքավորումը, որը կարող է պահպանել թոքերի կենսագործունեությունը մարմնից դուրս 24 ժամվա ընթացքում: Այս մեթոդը, փորձագետների կարծիքով, կարող է փրկել հարյուրավոր հիվանդների կյանքը՝ կրկնապատկելով հաջող վիրահատությունների թիվը:

Նոր այս տեխնոլոգիան այսօր արդեն կիրառվում է Լոնդոնի Royal Brompton and Harefield հիվանդանոցում, որը անցած տարի ներկայացրեց եւս մեկ սարքավորում, որի միջոցով կարելի է կենդանի վիճակում պահպանել դոնորական սրտերը:

Դոնորական օրգանները սովորաբար տեղադրվում են հովացնող բոկսերում եւ շրջապատվում սառույցով, որպեսզի դրանց վիճակը չվատթարանա հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխման ընթացքում: Սակայն այս մեթոդը օգնում է կենդանի պահպանել օրգանները առավելագույնը 6 ժամվա ընթացքում, այյնինչ Organ Care System (OCS) նոր բացառիկ համակարգը օգնում է պահպանել թոքերը կենդանի վիճակում մի ամբողջ օր:

Փորձագետները պնդում են, որ նոր այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է թոքերը տեղափոխել շատ ավելի մեծ հեռավորությունների վրա: Այժմ տեղափոխման եւ վիրահատության ընթացքում ստացած վնասվածքների արդյունքում թոքերի միայն 20 տոկոսն է պիտանի դառնում փոխպատվաստման համար: