Պարզվում է՝ այսպես կոչված «քարերը» կարող են ձեւավորվել ոչ միայն երիկամներում եւ լեղապարկում, այլ նաեւ… քթի մեջ:
Այդ քարերը, իհարկե, շատ հազվադեպ են հանդիպում, սակայն ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը վերջերս հիվանդներից մեկի մոտ հենց ռինոլիտ է ախտորոշել՝ քարեր քթի մեջ:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ պացիենտի քթի մեջ կարող են օտարածին մարմիններ լինել: Բժշկին թվաց, որ հիվանդը նույնիսկ քարացած ավազի նմանվող ինչ-որ մարմին է մտցրել իր քթի մեջ: Սակայն հիվանդը ոչ մի նման բան չէր արել: Քարն ինքն իրենով էր ձեւավորվել: Այդ ժամանակ բժիշկը հիշեց այս երեւույթի մասին, որը նկարագրվում է դասագրքերում, սակայն իրականում չափազանց հազվադեպ է հանդիպում:
Բժիշկ Ղարիբյանը ստիպված եղավ քարը հեռացնել օպերատիվ տարբերակով, քանի որ այն շատ մեծ էր՝ գործիքների միջոցով հեռացվելու համար:
Ինչպե՞ս կարող էր քարը հիվանդի քթի մեջ հայտնվել: Բժշկի խոսքով՝ քարերը ձեւավորվում են քթի մեջ ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր օրգաններում, օրինակ՝ երիկամներում:
«Ռինոլիտ» տերմինը ծագում է հունական «rhinos»՝ քիթ եւ «Н-thos»՝ քար բառերից: Քարերը ձեւավորվում են քթի խոռոչներում լորձաթաղանթի արտանետումներ, ինչպես նաեւ քթի մեջ պարբերաբար հայտնվող արցունքային հեղուկից: Այդպիսի քարերը կարող են տարբեր չափերի լինել: Նրանք նաեւ տարբեր գույներ ունեն՝ շագանակագույնից մինչեւ կարմիր եւ դեղին:






