Կլինիկական հոգեբանների ու հոգեթերապեւտների գործունեությունը Հայաստանում առայժմ չի լիցենզավորվում, սակայն լիցենզավորման հարցը պետք է, հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի խոսքով, բարձրացվի մոտ ապագայում, քանի որ դա կարող է օգնել ավելի արդյունավետ դարձնել ոլորտի կարգավորումը՝ բացառելով դրա շրջանակներում պատահական մարդկանց հայտնվելը:

«Հոգեբանների գործունեությունը պետք է ինչ-որ կերպ կարգավորել: Չի կարելի մարդուն, որն ընդամենը ավարտել է հոգեբանության ֆակուլտետը, թույլ տալ զբաղվել առողջության՝ թեկուզեւ հոգեբանական առողջության խնդիրներով», - նշեց հոգեբանը:

Նրա խոսքով՝ կլինիկական հոգեբանության եւ հոգեկան առողջության ոլորտն արդեն բարեփոխումների ճանապարհին է: Պետական մոտեցումն այս ոլորտին սկսել է փոխվել, դրան ավելի մեծ ուշադրություն են հատկացնում, իսկ իրենք մասնագետներն այժմ ընկալում են մշտապես կատարելագործվելու անհրաժեշտությունը:

Իր հերթին գեշտալտ-հոգեբանության Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ, գեշտալտ-հոգեբանության Սանկտ-Պետերբուրգի տնօրեն Ելենա Պետրովան պատմեց, որ ՌԴ-ի համապատասխան ոլորտում գործունեությունը եւս չի լիցենզավորվում: Այս տարի նախապատրաստվել էր այս ոլորտը կարգավորող օրինագիծ, սակայն ներկա պահին այն ընդունված չէ:

Այդ նոր օրենքի համաձայն՝ հոգեբանների եւ հոգեթերապեւտների գործունեությունը եւս լիցենզավորվելու է, եւ մասնագտները ստիպված են լինելու համապատասխանել մի շարք պահանջներին՝ լիցենզիա ստանալու համար: Այդ օրենքում, սակայն, կան նաեւ որոշակի թերություններ, որոնց արդյունքում համապատասխան պատրաստում անցած բազմափորձ մասնագետները կարող են զրկվել մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից: