Այսօր նշվում է Բուժքույրերի միջազգային օրը, որի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ուղերձ է հղել հայաստանյան բոլոր բուժքույրերին.

«Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին: 

Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձեւավորում է հոգատարության եւ գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում», - ասել է նախարարը իր ուղերձում։