Հայաստանում հոգեբուժության ոլորտում մասնագետների պակաս կա, քանի որ երիտասարդները չեն ցանկանում ընտրել այս մասնագիտությունը: Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հիմնական պատճառները հետեւյալն են.
- Հոգեբույժերի աշխատավարձը ցածր է
- Աշխատանքի պայմանները անբարենպաստ են
- Աշխատանքը երբեմն շատ ծանր է
Սոցիալական եւ հասարակական հոգեբուժության պրոֆեսոր Թոմաս Կրեյգը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցերին՝ նշեց, որ Մեծ Բրիտանիայում, որտեղ ծնվել եւ աշխատում է մեր զրուցակիցը,երիտասարդների հետաքրքրությունը հոգեբուժության նկատմամբ փոփոխական է: Երբեմն բոլորը գնում են դեպի այս ոլորտ, իսկ այնուհետեւ որոշակի անկում է գրանցվում:
Մասնագետի խոսքով՝ շատ բան է որոշում այն հանգամանքը, թե որքան ժամանակ են ապագա հոգեբույժները տրամադրում պրակտիկային եւ ինչքան երկար են շփվում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Եթե ինտերները կլինիկայում քիչ ժամանակ են անցկացնում եւ տեսնում են այս կամ այն հիվանդությունը միայն դրա սրացման փուլում, նրանց հետաքրքրությունը հոգեբուժության նկատմամբ կարող է վերանալ: Իսկ եթե ինտերները ավելի երկար են մնում կլինիկայում եւ տեսնում, ինչպես է մարդը բուժվում, ինչպես է փոխվում նրա վարքն ու նաեւ կյանքը, դա, իհարկե, խթանում է հոգեբույժ դառնալու ցանկությունը:
Հիշեցնենք, որ Թոմաս Կրեյգն ու Սամվել Թորոսյանը մասնակցում են Հոգեկան առողջության միջազգային ֆորումին, որին մասնակցում է 45 մասնագետ աշխարհի 24 երկրներից: Ֆորումը մեկնարկել է այսօր՝ մայիսի 12-ին, եւ կշարունակվի միչեւ մայիսի 13-ը:
Մայիսի 14-ին ֆորումի շրջանակներում տեղի կունենա սիմպոզիում ՀՀ Առողջապահության նախարարության, Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի եւ Սանոֆի ընկերության միջեւ հուշագրի շուրջ:






