Բուժքույրերի շարունակական կրթությունը շատ կարեւոր է, այդ պատճառով նրանք պետք է ոչ միայն բազային կրթություն ստանան, այլ նաեւ ժամանակ առ ժամանակ վերապատրաստում անցնեն՝ բարձրացնելով իրենց որակավորումը: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը, որը նաեւ «Բուժքույրերի միություն» հ/կ նախագահն է:

Նրա խոսքով՝ Հայաստանում բուժքույրերի համար նախատեսված մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք կոչված են բարձրացնել նրանց որակավորումը, թարմացնել գիտելիքները: Այդպիսի ծրագրերից մեկը 2006-ին ներմուծված «Ձեռքերի հիգիենա» ծրագիրն է:

Ընդ որում՝ Գեղանույշ Ստեփանյանը նշում է, որ սոցիալապես անապահով ընտանիքներ ներկայացնող բուժքույրերի վերապատրաստումը տեղի է ունենում պետպատվերի շրջանակներում, իսկ բոլոր ծախսերը հոգում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Բացի այդ՝ շատ հաճախ հայ բուժքույրերը համագործակցում են արտասահմանյան իրենց գործընկերների հետ, փոխանակվում փորձով, մասնակցում տարբեր կոնֆերանսների, կուրսերի: Սակայն, արտասահմանյան մասնագետները իրենց հայ գործընկերներից եւս շատ բան ունեն սովորելու:

«Մենք երկրաշարժ ու պատերազմ ենք տեսել, մենք էլ կարող ենք շատ բան սովորեցնել », - նշեց բանախոսը: