Թռչնագրիպը հարաբերականորեն նոր հիվանդություն է, որն առաջին անգամ արձանագրվել է 100 տարի առաջ Իտալիայում: Դրա հարուցիչը գրիպի A տիպի վիրուսն է: Թռչնագրիպի առանձնահատկությունների մասին մեզ կպատմի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թռչնագրիպը այն առավել վտանգավոր հիվանդություններից է, որոնք կարող են ուժեղ հարված հասցնել տնտեսությանը, քանի որ այս գրիպը, ախտահարելով մարսողական ու շնչառական օրգանները, սպանում է վարակված թռչունների մեծ մասին: Ավելին՝ հիվանդությունը կարող է փոխանցվել թռչուններից մարդուն, ինչը այն էլ ավելի վտանգավոր է դարձնում: Մեր զրուցակցի խոսքով՝ այս հիվանդության միակ դրական կողմը, եթե, ընդհանրապես, կարելի է այդպես ասել, կայանում է նրանում, որ այն մարդուց մարդուն չի փոխանցվում: Եթե փոխանցվեր, գրիպի բռնկումներն ու պանդեմիաները ավելի շատ կլինեին:
Գրիպի այս տեսակով առաջին վարակումները արձանագրվել են 1997 թվականին Հոնկոնգում: Այդ ժամանակ վարակվել էր 18 մարդ, 6 մարդ՝ մահացել: 2005-ին Վիետնամում, Թայլանդում, Կամբոջայում, Ինդոնեզիայում գրանցվել է հիվանդության 112 դեպք, 64-ը՝ մահվան ելքով: ԱՀԿ տվյլաներով՝ 2003 թվականի փետրվարից մինչեւ 2008-ի փետրվար վարակման 261 դեպքից 227-ը մահացու ելք է ունեցել: Այս պահին թռչնագրիպից արձանագրված վերջին մահվան դեպքը գրանցվել է 2014-ին Կանադայում:
Բացի այդ՝ 100 տարին 2-3 անգամ աշխարհում արձանագրվում է մուտացիայի ենթարկված վիրուսների առաջացրած պանդեմիա:
Թռչնագրիպի բնական ռեզերվուար են համարվում թռչունները՝ մասնավորապես՝ վայրի բադերը: Հիմնական խնդիրն այն է, որ այս վիրուսի բազմաթիվ ենթատիպեր կան եւ այն շատ արագ է մուտացիայի ենթարկվում, ինչը դժվարացնում է ընտանի թռչունների պատվաստումը:






