Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող 11 երեխաներ հոսպիտալացված են Արմավիրի բժշկակակ կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, սակայն նրանց հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ, հիվանդության պատճառը պարզելու համար լաբորատոր հետազոտությունների համար նմուշառումներ են իրականացվել թե երեխաներից, թե մանկապարտեզից եւ թե աշխատակազմից: Ստուգվել են նաեւ սննդամթերքը, ջուրը եւ բոլոր կոնտակտավորները:
Լիանա Թորոսյանի խոսքով՝ երեխաների հիվանդության պատճառի մասին մի քանի վարկած կա (ջրային կամ սննդային թունավորում, կոնտակտ-կենցաղային ճանապարհով փոխանցվող հիվանդություն եւ այլն), ու բոլորն այս պահին քննարկվում են: Երբ պատրաստ լինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները, հնարավոր կլինի հասկանալ հիվանդության հիմնական պատճառը:
Իսկ մինչ այդ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները դիմել էին բժշկակակ օգնության՝ գանգատվելով լուծից, փոխումներից, ջերմությունից եւ թուլությունից: Առողջապահության նախարարությունը ահազանգ էր ստացել երկուշաբթի օրը եւ տեղում միջոցառումներ կազմակերպել՝ վարակի աղբյուրը պարզելու համար:
Քանի որ առաջնային վարկածը աղիքային ինֆեկցիա էր, կազմակերպվել են նաեւ բակային համայցեր՝ նույն խնդիր ունեցող երեխաներին ավելի օպերատիվ կերպով հայտնաբերելու համար: Արդյունքում եւս հինգ երեխա էր հայտնաբերվել, որոնք միանգամից հոսպիտալացվել էին:
Այսօրվա դրությամբ մայիսի 8-ից 10-ը հայտնաբերված վեց երեխաներն արդեն դուրս են գրվել, եւ նրանց վիճակը բավարար է, բայց բժշկական հսկողությունը նրանց նկատմամբ շարունակվում է: Բակային համայցի արդյունքում հայտնաբերված հինգ երեխաները դեռ բուժում են ստանում՝ պետպատվերի շրջանակում: Նրանց վիճակը, Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, բավարար է:






