Այսօր Ալաշկերտում անցկացվող բակային համայցերի արդյունքում եւս մեկ երեխա է հայտնաբերվել՝ որովայնային շրջանում ցավերով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երեխայի համար վարակաբանի կոնսուլտացիա է կազմակերպվել, սակայն վարակաբանը ոչ մի վարակ երեխայի մոտ չի կասկածել: Երեխան հիմա տանն է, բայց ամեն դեպքում շարունակում է հսկողության տակ գտնվել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակամիջոցում Ալաշկերտի մանկապարտեզ հաճախող վեց երեխաները հոսպիտալացվել են լուծով, փոխումներով եւ բարձր ջերմությամբ, իսկ Առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների բակային շրջայցի արդյունքում հայտնեբերվել է եւս հինգ երեխա՝ նմանատիպ աշխտանիշներով, որոնք եւս հոսպիտալացվել են:

Այսօրվա դրությամբ մայիսի 8-ից 10-ը հայտնաբերված վեց երեխաներն արդեն դուրս են գրվել, եւ նրանց վիճակը բավարար է, բայց բժշկական հսկողությունը նրանց նկատմամբ շարունակվում է: Բակային համայցի արդյունքում հայտնաբերված հինգ երեխաները դեռ բուժում են ստանում՝ պետպատվերի շրջանակում: Նրանց վիճակը, Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, բավարար է:

Բակային համայցերը դեռ շարունակվում են, իսկ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ եւ հավանաբար կպարզվի մի քանի օրից, երբ պատրաստ լինեն լաբորատոր հետազոտությունների արդյունքները: