Այն երեխաները, որոնք բռնության զոհ են դարձել, կամ սիրո ու քնքշանքի պակաս ունեցել, չափահաս տարիքում հաճախ են բախվում հոգեկան շեղումների հետ: Այդ պատճառով մեծերի շրջանում հոգեկան խնդիրների քանակը կարելի է նվազեցնել՝ փոխելով վերաբերմունքը երեխաների նկատմամբ, նշում է Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կրեյգը (Մեծ Բրիտանիա):

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում տարածված են միեւնույն հոգեկան շեղումները: Սակայն մարդկանց որոշակի խմբեր ավելի զգայուն են այդ հիվանդությունների նկատմամբ: Օրինակ, հիվանդացության մակարդակն ավելի բարձր է սոցիալապես անապահով մարդկանց շրջանում, ինչպես նաեւ գերբնակեցված քաղաքներում: Այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին բռնության զոհ են դարձել կամ ունեցել են ուշադրության պակաս, նույնպես ռիսկի խմբում են:

Ինչպես նշեց Թոմաս Կրեյգը, դպրոցներից մեկում ստուգում էին երեխաների տեսողությունը, եւ այն երեխաներին, որոնք լավ չէին տեսնում, անվճար ակնոց էիւն տրամադրում: Այս քայլը շատ հետաքրքիր փոփոխությունների հանգեցրեց: Բարելավվեցին հաճախումների ցուցանիշները, երեխաները սկսեցին իրենց ավելի լավ պահել: Ապագայում, հոգեբույժի խոսքով, դա կարող է նվազեցնել հոգեկան շեղումների քանակը: