Մումբայում տեղի ունեցող IPHEX դեղագործական ցուցահանդեսի, որին մասնակցում են նաեւ հայկական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, երկրորդ օրը անցել է bi to bi meeting ձեւաչափով: Այսինքն՝ ոչ թե օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներն էին շրջում հնդկական արտադրողների տաղավարներով, այլ հակառակը։ 

Առանձին սրահում բանակցությունների համար  նախատեսված սեղաններն էին, որոնց շուրջ նստած էին այցելուները, իսկ հնդկական ընկերությունների ներկայացուցիչները հերթով մոտենում եւ առաջարկում էին իրենց արտադրանքը:

Ինչպես նշեցին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հնդկական ընկերությունների ներկայացուցիչները, ցուցահանդեսին ներկայացված է 5 հազար ընկերություն ենթադրող Հնդկաստանի դեղագործական ոլորտի ընդամենը մի մասը միայն: Այստեղ կան ինչպես ակտիվ նյութերի, այնպես էլ ջեներիկների ու բրենդերի արտադրողներ: Դեղագործական ցուցահանդեսին մասնակցության նպատակն է՝ շուկայում իրենց արտադրանքի առաջխաղացումը: Հայ դեղագործները այս ցուցահանդեսին փնտրում են սարքավորումներ ու ակտիվ նյութեր, իսկ ներմուծողները՝ նոր գործընկերներ՝ Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու համար: Իսկ ահա Հնդկաստան դեղեր ներմուծելու մասին խոսք չի գնում:

Ինչպես նշեցին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ուկրաինական պատվիրակության անդամները, որոնք գտնվում են այստեղ նույն նպատակով, հնդկական շուկան այնքան հագեցած է սեփական արտադրանքով, որ այլ երկրի արտադրանքի առաջխաղացումը այստեղ գրեթե անհավանական է: Ավելին՝ դեղորայքային հումքի մեծ մասը արտադրվում է Հնդկաստանում եւ Չինաստանում, այնպես որ հումքը եւս այստեղից արտահանում են: Սակայն հնդկական արտադրության ոչ բոլոր դեղերը կարող են ներկրվել Ուկրաինա (ինչպես նաեւ Հայաստան): Ներմուծվող դեղորայքը պետք է համապատասխանի GMP ստանդարտներին: