Նոր սկրինինգային ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է այս տարվա հունվարին Համաշխարհային բանկի աջակցությամբ, արդեն 7150 պապ թեստ է անցկացվել, 56 հազար արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակի անալիզ, չափվել է 80 հազար մարդկանց զարկերակային ճնշումը: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Նելսոն Զուլոյանը:

Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքում ստացած տվյալները դեռեւս վերլուծվում են, սակայն այժմ վաղ է խոսել այն մասին, արգանդի վզիկի քաղցկեղի կամ սիրտ-անոթային հիվանդությունների քանի դեպք է արձանագրվել:

Ծրագրի շրջանակներում 3700 բուժաշխատող վերապատրաստում են անցել, իսկ բնակչությանը ծրագրի մասին իրազեկելու համար համապատասխան սոցիալական հոլովակներ են ստեղծվել, որոնք արդեն ցուցադրվում են երկրի հեռուստաալիքներով, գործարկվել է նաեւ ռադիոգովազդը, SMS-հաղորդագրությունները, տեղեկատվական պաստառները:

Առողջապահաության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ընդգծեց սկրինիգային ծրագրի կարեւորությունը եւ հիշեցրեց, որ վաղ ախտորոշումը թույլ է տալիս ավելի արդյունավետ հայտնաբերել եւ բուժել հիվանդությունները, ինչը դրական է անդրադառնում երկրի տնտեսական վիճակի վրա:

Համաշխարհային բանկի՝ առողջապահական հարցերով առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանն իր հերթին նշել է, որ այս ծրագիրը նախապատրաստվել է 2-3 տարվա ընթացքում եւ այժմ մասնագետները ուրախանում են՝ տեսնելով դրա առաջին արդյունքները:

Նա նաեւ նշեց, որ վաղ ախտորոշման եւ կանխարգելման հարցը ուշադրության կենտրոնում է աշխարհի բոլոր զարգացած երկրներում, քանի որ աշխարհի եւ ոչ մի երկիր բավարար միջոցներ չունի այս բոլոր հիվանդությունների բուժումն իրականացնելու համար, հատկապես եթե հիվանդությունն ախտորոշվում է բավականին ուշ: