Հայաստանի բնալչության՝ արգանդի վզիկի քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների հայտնաբերման  նոր սկրինիգային ծրագրին մասնակցելու ցուցանիշը 4 ամսվա ընթացքում աճել է 30 տոկոսով: Այս մասին լրագրողներին պատմեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը եւ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Նելսոն Զուլոյանը:

Ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին, եւ հունվարին ընդհանուր առմամբ 260 պապ թեստ է իրականացվել, իսկ ապրիլին՝ արդեն 3200: Իսկ 4 ամսվա ընթացքում 7150 պապ թեստ է իրականացվել, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի 56 հազար անալիզ, չափվել է 80 հազար մարդկանց զարկերակային ճնշումը:

Ինչպես նշեց Համաշխարհային բանկի՝ առողջապահական հարցերով առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը, ի սկզբանե ենթադրվում էր, որ երեք տարի տեւողությամբ այս ծրագիրը կկարողանա ընդգրկել երկրի բնակչության գոնե 38-40 տոկոսը, սակայն առողջապահական ոլորտի մասնագետները որոշել են, որ ծրագրի ավարտին դրա մասնակից պետք է դառնա բնակչության 60 տոկոսը: Սուսաննա Հայրապետյանի խոսքով՝ եթե այդպես շարունակվի, ծրագրի նպատակները հնարավոր կլինի իրագործել:

Հիշեցնենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակներում իրականացվում են անվճար պապ թեստեր՝ արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անալիզներ: Նշենք, որ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ եւ բարձր զարկերակային ճնշումը այն գործոններն են, որոնք հիմնականում պայմանավորում են մահացության մակարդակը՝ ինչպես Հայաստանում, այդպես էլ այլ երկրներում: Պապ թեստեր են անցնում 30-60 տարեկան կանայք, իսկ սիրտ-անոթային հիվանդությունների հայտնաբերման հետազոտություն են անցնում ինչպես տղամարդիկ, այնպես էլ 35-68 տարեկան կանայք:

Հիշեցնենք նաեւ, որ սկրինինգային ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ, իսկ հետազոտություններն էլ անցկացվում են պոլիկլինիկաներում: