Շատ մարդիկ ցանկանում են բուժվել ուռուցքային հիվանդություններից արտերկրում, սակայն ինչպես այս հիվանդությունների ախտորոշումը, այնպես էլ բուժումը Հայաստանում համապատասխանում է բոլոր գոյություն ունեցող չափանիշներին: Այս մասին լրագրողներին պատմեց առողջապահաության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նա նշեց նաեւ, որ ոսկրածուծի փոխապատվաստման նոր կենտրոնը, որը կգործի Երեւանի արյունաբանական կենտրոնին կից, ապահովված կլինի նորագույն սարքավորումներով եւ կհիմնվի ժամանակակից տեխնոլոգիաների վրա: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ երբ կենտրոնը պատրաստ լինի, այն Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժմանը նոր որակ կհաղորդի:
Փոխնախարարի խոսքով՝ այժմ արդեն աշխատանքներ են տարվում նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների ներմուծման համար: Բացի այդ՝ պլանավորվում է մասնագետների վերապատրաստում: Պետբյուջեից արդեն միջոցներ են հատկացվում, որոնք հնարավորություն կտան բուժաշխատողներին վերապատրաստում անցնել արտերկրում, ինչպես նաեւ փոխանակվել փորձով աշխարհի առաջատար մասնագետների հետ:
Հիշեցնենք, որ կենտրոնի շինարարությունը պլանավորվոում է ավարտել 2016 թվականին, սակայն շատերը հույս են հայտնում, որ կենտրոնը ավելի շուտ պատրաստ կլինի, որպեսզի ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող մարդիկ կարողանան հնարավորինս շուտ բուժում ստանալ: Այդպիսի բուժման կարիք ունեցող մարդկանց թիվը տարեկան 100 մարդ է կազմում:






