Iron Maiden-ի վոկալիստ Բրյուս Դիքինսոնը ապաքինվել է քաղցկեղից: Մի քանի ամիս առաջ նրա լեզվի վրա ուռուցք էր ձևավորվել: ՄՌՏ վերջին սկանավորումը ցույց տվեց, որ ծանր երաժշտության կենդանի լեգենդի օրգանիզմը հաղթահարել է քաղցկեղը: Այս մասին է հայտնում խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ բուժող բժիշկներին, որոնց շնորհիվ մենք կարողացանք հասնել անհավանական այս արդյունքին: Իմ ընտանիքը շատ վատ դրության մեջ էր: Նույնիսկ ավելի վատ, քան ես: Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին՝ բարի խոսքերի և աջակցության համար», - ասել է Բրյուսը:

Նա նշեց նաև, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ ստեղծագործական կյանքին:

Խմբի մենեջեր Ռոդ Սմոլվուդը իր հերթին նշեց, որ հնարավորինս շուտ վերադառնալու Բրյուսի ցանկությունը հասկանալի է, սակայն նրան ժամանակ է պետք՝ ամբողջությամբ ապաքինվելու համար: Այդ պատճառով մինչև մյուս տարի Iron Maiden-ը համերգներով և շրջագայություններով հանդես չի գա:

«Մեր երկրպագուները, հուսով եմ, ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին, և, ինչպես նաև մենք, կնախընտրեն, որ Բրյուսը վերջնականապես ապաքինվի և նոր միայն կրկին սկսի երգել», - նշեց մենեջերը՝ հավելելով, որ, չնայած այս ամենի, խմբի նոր ալբոմը լույս կտեսնի այս տարի: