Հայաստանում ստեղծվել է գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիա, որի նպատակն է՝ նպաստել սոնոգրաֆիստ բժիշկների որակավորման բարձրացմանը, Հայաստանում պրենատալ սկրինինգի համակարգի եւ մշակույթի ներդրմանը եւ հիվանդանոցների տեխնիկական վերազինմանը, ինչը պտղի մոտ բարդությունների ախտորոշմանը նոր որակ կհաղորդի: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է բժշկական համալսարանի հետդիպլոմային կրթության ամբիոնի վարիչ Կարինե Թոխունցը, որը նաեւ նորաստեղծ ասոցիացիայի նախագահն է:

Նրա խոսքով՝ Հայաստանում պրենատալ սկրինինգի համակարգի բացակայությունը բացասաբար է անդրադառնում պտղի զարգացման արատների ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման վրա: Կյանքի հետ անհամատեղելի կամ քիչ համատեղելի շատ արատներ հնարավոր կլիներ ավելի արդյունավետ ախտորոշել երկրի կլինիկաներում ժամանակակից սարքավորումների եւ բարձր որակավորումներ ունեցող բժիշկների առկայության դեպքում:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն տարի մասնագիտացված ինտերնատներում մոտ 530 երեխա է պահվում, եւ պետությունը նրանց վրա ծախսում է մոտ 1 մլրդ 680 մլն դրամ ամեն տարի: Սա պետության ուսերին հսկայական բեռ է:

«Մեր գործունեության նպատակն է այս բեռը թոթափելը եւ միջոցները երեխաներին օգնելու համար օգտագործելը», - նշեց Կարինե Թոխունցը՝ հավելելով, որ այսպիսի պրակտիկա կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում: «Համարվում է, որ պրենատալ ախտորոշման մեջ ներդրված ել դոլարը պետությանը 19-40 դոլար եկամուտ է բերում: Այս միջոցները կարելի է ուղղել մարդկանց բարեկեցության ապահովման վրա»:

Նոր ասոցիացիայի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 16-ին պրենատալ ախտորոշման բարելավմանը եւ պտղի մոտ արատների վաղ հայտնաբերմանը նվիրված կոնֆերանսի ընթացքում: