Բժշկությունն ու դեղագործությունը աշխարհի ամենաշահավետ, ժլատ ու վուլգար բիզնեսն է, կարծում է հայտնի ամեիկացի բժիշկ եւ հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը:

Բժշկի խոսքով՝ ինքը շփվել է 120 երկրների ուսանող բժիշկների հետ, եւ նրանցից ոչ մեկն էլ հիացած չէր ստացած կրթությունից, քանի որ ոչ մի համալսարանում էլ չեն սովորեցնում կարեկից եւ ստրացավ լինել, իսկ պրոֆեսորներն էլ երբեմն կոպիտ են ու գոռոզ:

Ինքը Պետչ Ադամսը արդեն 44 տարի է՝ անվճար հիմունքներով բժիշկ է աշխատում, եւ նրա հիմնական գաղափարը սերն է հիվանդների նկատմամբ: Հիվանդի հետ նրա առաջին հանդիպումը սովորաբար տեւում է 4 ժամ, նա հաճախ պացիենտների բնակարան է այցելում: Հերթական կլինիկա գալով՝ բժիշկը հետաքրքվում է, ով է հիվանդներից ամենաշատը տառապում եւ գնում նրա մոտ:

«Ոչ թե այն պատճառով, որ ես գիտեմ, ինչպես օգնել նրանց, այլ այն պատճառով, որ չեմ վախենում լինել տառապող մարդկանց կողքին: Ես գիտեմ, որ կարող եմ լինել նրանց կողքին եւ օգնել նրանց, եւ դա հիանալի զգացում է», - բացատրեց բժիշկը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր գործունեության հասցեին ուղղվող քննադատությանը, բժիշկը նշեց, որ նրան քննադատում են միայն «աշխարհի հզորները», որոնք իրենց շահերն ունեն բժշկական բիզնեսի հետ կապված:

«Միայն այն մարդիկ, որոնք շահույթ են ստանում դեղորայքից, կարող են կարծել, որ այն ամենը, ինչ ես անում եմ, սխալ է, - նշեց բժիշկը, - ո՞վ կարող է քննադատել սերը: Հումո՞րը: Ուրախությու՞նը: Հենց այս երեք երեւույթներն են մարդուն առողջ ու երջանիկ դարձնում»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Պետչ Ադամսը Հայաստան է ժամանել, որտեղ կանցկացնի մեկ շաբաթ, որի ընթացքում մի շարք հիվանդանոցներ, մանկատներ եւ ինտերնատներ կայցելի, որտեղ հանդես կգա դասախոսություններով: