Պատմության ընթացքում գրանցված գրեթե բոլոր խնդիրների մեղավորը տղամարդիկ են, կարծում է հայտնի ամերիկյան բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը: Իսկ կանայք, նրա խոսքով, սիրո ու կարեկցանքի մշտական աղբյուր են:

«Սերը հիմնականում գալիս է կանանցից: Ինչքան էլ վատ վերաբերվեն նրանց տղամարդիկ, նրանք միեւնույն է սիրում են իրենց երեխաներին», - նշեց բժիշկը:

Նրա խոսքով՝ իր ամենալավ կողմերը նա ստացել է մորից, որը նրան մշտապես սեր է պարգեւել եւ աջակցել բոլոր նախաձեռնություններում:

Ինչպես նշեց Պատչ Ադամսը, եթե նա կախարդական փայտիկ ունենար եւ կարողանար ստանալ այն ամենը, ինչ ցանկանում է, նա կաներ այնպես, որ աշխարհը ղեկավարեին կանայք, ընդ որում՝ ոչ թե տղամարդանման կանայք, որոնք այսօր էլ են իշխանության, այլ իսկական կանայք՝ կանացի ու սիրել կարողացող:

Իսկ քանի դեռ ղեկավարում են տղամարդիկ, աշխարհի եւ ոչ մի երկիր ողջ պատմության ընթացքում չի կարողացել ապահովել կանանց անվտանգությունը: Ավելին՝ մարդիկ նորանոր միջոցներ են փնտրում՝ կանանց հպատակեցնելու համար: Այս միջոցներից մեկը, բժշկի խոսքով, կրոնն է, եւ այն, ցավոք, շատ լավ միջոց է այս նպատակի իրագործման համար:

Ժամանակակից աշխարհում այսօր շատ են բացասական երեւույթները: Պետչ Ադամսի խոսքով՝ տարեկան 20-50 միլիոն տղամարդ սեքսով է զբաղվում երեխաների հետ, նա մի անգամ նույնիսկ հանդիպել է հոնորեայով հիվանդ երեք տարեկան երեխայի: Ամեն տարի միլիոնավոր երեխաներ են մահանում քաղցից ամբողջ աշխարհում: Ահա այսպիսի աշխարհում ենք մենք ապրում:

«Միակ «բուժումը» այս ամենին վերջ դնելն է: Ոչ թե մեղավորների պատժելու, այլ դպրոցներում սիրել սովորեցնելու միջոցով: Ցավոք, դպրոցներում սիրել չեն սովորեցնում՝ չնայած նրան, որ դա շատ կարեւոր է եւ անհրաժեշտ», - նշեց բժիշկը: