Հնդկական Մումբաի քաղաքում մահացել է Արունա Շանբաուգը, որը 42 տարի առաջ տեղի ունեցած բռնաբարությունից հետո կոմայի մեջ էր հայտնվել:
Կինը գլխուղեղի լուրջ վնասվածք ուներ եւ այս տարիների ընթացքում գտնվում էր վեգետատիվ վիճակում: Անցած շաբաթ բժիշկները 67-ամյա հիվանդի մոտ թոքաբորբ են ախտորոշել եւ միացրել են նրան թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքավորումներին, սակայն փրկել նրա կյանքը, միեւնույն է, չի հաջողվել: Այսօր առավոտյան նա մահացել է:
Գրեթե կես դար առաջ 25-ամյա Արունան աշխատանքի է անցել որպես կրտսեր բուժքույր արքա Էդվարդի անվան հոսպիտալում: 1973 թվականի նոյեմբերի 27-ին հերթապահության ժամանակ սանիտարներից մեկը հարձակվել է նրա վրա, վզին գցել շղթան եւ բռնաբարել: Այնուհետեւ նա թողել է իր զոհին եւ փախուստի է դիմել հանցանքի վայրից:
Արունային գտան միայն 11 ժամ անց: Նա կենդանի էր, սակայն ասֆիքսիայի հետեւանքով նրա գլխուղեղի բջիջները վնասվեցին, նա գրեթե ամբողջությամբ կորցրեց տեսողությունը: Հաջորդ 42 տարին կինն անցկացրեց այն նույն հիվանդանոցում, որտեղ աշխատում էր: Սկզբում Արունայի բարեկամները այցելում էին նրան, սակայն աստիճանաբար դադարեցին գալ: Կինը չէր ճանաչում նրանց, սակայն արձագանքում էր պալատում մարդկանց ներկայության վրա:
Բուժքույրերից մեկը, որն ավելի քան 40 տարի խնամում էր իր նախկին գործընկերուհուն եւ տեսնում նրա տառապանքները, դատարան էր դիմել՝ Արունայի պարտադիր սնուցումը դադարեցնելու թույլտվություն ստանալու համար: Այս հայցը հասարակական վեճերի առարկա դարձավ, սակայն 2011 թվականի մարտին դատարանը մերժեց այն, քանի որ էվտանազիան երկրում արգելված է:
Կնոջ անունը չպղտորելու նպատակով նրան բռնաբարած տղամարդուն դատապարտել էին միայն ավազակային հարձակման եւ սպանության փորձի համար, իսկ բռնաբարությունը չէին հիշատակել: Արդյունքում տղամարդը 7 տարի անցկացրեց ճաղերի հետեւում եւ, բանտից դուրս գալով, տեղափոխվեց Դելի: Այժմ նրա մասին ոչինչ հայտնի չէ:






