Երեխաներին պետք է մատչելի կերպով բացատրել բոլոր այն ֆիզիոլոգիական երեւույթները, որոնք ի հայտ են գալիս սեռահասունացման ժամանակ (օրինակ՝ դաշտանը) եւ ճիշտ նախապատրաստել դրանց: Այս կարծիքը հայտնեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է բացատրելու ընթացքում օգտագործել ճիշտ գիտական տերմինները, այլ ոչ թե «ժողովրդական» անվանումները: Պետք է մատչելի եւ հասկանալի լեզվով բացատրել, ինչ է վերարտադրողական համակարգը եւ ինչի համար է այն պետք, ինչ են իրենցից ներկայացնում սեռական օրգանները եւ ինչու է տարիքի հետ տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում: Պետք է նաեւ բացատրել երեխաներին, որ վնասակար սովորություններն են կարող ազդել սեռական առողջության վրա եւ ինչ խնդիրներ կարող են առաջացնել ապագայում:

Ճիշտ գիտելիքների պակասը, ինչպես նաեւ ապատեղեկատվածությունը կարող են դեռահասի մոտ մի շարք խնդիրներ ու ֆոբիաներ առաջացնել, որոնք հետագայում կարող են վերածվել բարդությունների:

Մասնագետի խոսքով՝ շատ պացիենտներ սխալ տեղեկությունների պատճառով, որոնք ստացել են դեռահաս տարիքում, բախվում են մի շարք խնդիրների, որոնք սկսվում են սեռական կյանքի հետ միաժամանակ: Մասնավորապես, շատ հաճախ սեքսապաթոլոգներին են դիմում վագինիզմով կամ նեվրոզներով ու ֆոբիաներով տառապող կանայք: Այդ խնդիրները սովորաբար ի հայտ են գալիս անհաջող առաջին սեռական փորձի հետեւանքով, քանի որ նրանք ժամանակին լսել են կամ կարդացել առաջին գիշերվա մասին ոչ գիտական որեւէ տեղեկություն:

Ինչպես նշեց Սեւադա Հակոբյանը, 13-16 տարեկան հասակում երեխաները առավել զգայուն են, քանի որ հենց այդ ժամանակ է ավարտվում հոգեսեռական հասունացման առաջին կարեւոր փուլը եւ ձեւավորվում է սեռական օրիենտացիան: Այդ պատճառով շատ կարեւոր է այդ տարիքում ապահովել երեխաներին գրագետ եւ գիտական ինֆորմացիայով: Նախընտրելի է նաեւ պատմել սեռական կյանքը ժամանակից շուտ սկսելու վտանգների մասին եւ նախապատրաստել անվտանգ սեռական կյանքին:

>