Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մայիսի 18-ից 26-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Համագումարն առողջապահության բնագավառում համաշխարհային ամենամեծ իրադարձությունն է, որն իր հովանու ներքո է հավաքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունների առողջապահության նախարարներին եւ ղեկավարին:
ԱՀԿ-ն ներդրել է «Առողջություն-2020» ռազմավարությունը, որի նպատակն է կառավարության եւ հասարակության միջոցով աջակցել բնակչության առողջության եւ բարեկեցության ամրապնդմանը: Այս ռազմավարությունը կարեւորել եւ ընդունել են 53 անդամ-պետությունները, որոնց շարքում է նաեւ Հայաստանը: Կայանալիք նստաշրջանի ընթացքում կներկայացվեն վերոհիշյալ ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների հաշվետվություններ, որոնք առնչվում են առողջապահության գրեթե բոլոր ուղղություններին:
Նստաշրջանի օրակարգում նախանշված են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունները, վերահսկումն ու արագ արձագանքը բռնկումների ժամանակ եւ այլն: Կքննարկվեն նաեւ հանրային առողջության, նորարարությունների եւ մտավոր սեփականության գլոբալ ռազմավարությունները եւ գործողությունների պլանը, ԱՀԿ բարեփոխումները եւ դրանց կիրարկման ընթացքը անդամ-պետությունների կողմից:
Անդրադարձ կկատարվի նաեւ ծրագրերի բյուջեով նախատեսված միջնաժամկետ ծախսերի իրականացմանը:






