Դեպրեսիան հիվանդություն չէ, դեպրեսիան հորինել են դեղագործական ընկերությունները, կարծում է հայտնի ամերիկացի բժիշկ եւ հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը:
Դեպրեսիան, նրա խոսքով, միայնության ախտանիշ է, իսկ միայնությունը եւ սիրո բացակայությունը ամենավատն է, ինչ կարող է պատահել մարդու հետ: Իսկ դեպրեսիայի դեմ լավագույն դեղամիջոցը, ըստ բժշկի, ընկերներն են:
«Այն մարդը, որը ընկերներ ունի, չի կարող դեպրեսիայով տառապել: Իսկ եթե նա դեպրեսիա ունի, ուրեմն չունի լավ ընկերներ», - նշեց Պետչ Ադամսը՝ հավելելով, որ, եթե մարդը, որը ընկերներ ունի, ցանկանա դեպրեսիա ձեռք բերել, սկզբում նա պետք է ազատվի ընկերներից:
Պետչ Ադամսը նշեց նաեւ, որ շատերի համար ընկերոջ դեր է կատարում կրոնը, եւ հենց կրոնն է, որ հուսահատություն է առաջացնում եւ դեպրեսիա առաջ բերում: Եվ եթե մարդը, որը հավատում է Քրիստոսին, ցանկանա դեպրեսիայով տառապել, նա պետք է եւս ազատվի իր հավատքից՝ այնպես, ինչպես ընկերներից:
«Հերիք է հաճույք ստանաք դեպրեսիայից: Եթե ցանկանում եք ազատվել դրանից, ընկերներ ձեռք բերեք», - խորհուրդ տվեց բժիշկը:
Հիշեցնենք, որ Պետչ Ադամսը Հայաստան է ժամանել մայիսի 18-ին: Այստեղ նա գտնվելու մի շաբաթ, որի ընթացքում պլանավորում է մի շարք հիվանդանոցներ այցելել, մանկատներ, ինտերնատներ՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մի շարք այլ քաղաքներում: Մայիսի 26-ին հիվանդանոցային ծաղրածուն դասախոսությամբ հանդես կգա Հայաստանի ամերիկյան համալսարանում:






