Այսօր՝ մայիսի 20-ին, նշվում է տրավմատոլոգի միջազգային օրը: Կոտրվածքները, սալջարդերը, այլ վնասվածքները վնասվածքների ամենատարածված տեսակներից են, որոնցից մարդը չի կարող խուսափել, այդ պատճառով տրավմատոլոգին իրենց կյանքի ընթացքում հանդիպում են գրեթե բոլորը:
Տրավմատոլոգիան՝ (հուն. Trаumatos՝ վերք, վնասվածք) օրգանների ու հյուսվածքների վնասվածքների, դրանց կանխարգելման եւ բուժման մասին գիտություն է:
Տրավմատոլոգիան բժշկության՝ վիրաբուժության հիմքում ընկած հնագուն տեսակ է: Մումիֆիկացված մարմինների (Հին Եգիպտոս) եւ հռոմեացի զինվորների մարմինների պահպանված ֆրագմենտների վրա գիտնականները սերտաճած կոտրվածքների եւ գանգի վրա իրականացրած վիրահատությունների հետքեր են գտել: Հայտնի են նաեւ տրավմաների դեպքում իրականացվող վիրահատությունների համար նախատեսված գործիքները: Տրավմատոլոգիան ներառում է բուժման օպերատիվ եւ կոնսերվատիվ տարբերակները: Տրավմատոլոգիայի համակարգված հիմունքներն առաջին անգամ ներկայացրել է Հիպոկրատը:
Ժամանակակից տրավմատոլոգիայի հիմնական խնդիրն է վնասվածքներից հետո հյուսվածքներում եւ օրգաններում փոփոխությունների պաթոգենեզի ուսումնասիրումը, հետտրավմատիկ բարդությունների կանխարգելման, կոնսերվատիվ եւ օպերատիվ բուժման միջոցների արդիականացումը:






