Ալյուրի հարստացման ծրագիրը ՀՀ Առողջապահության նախարարության ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրերից մեկն է: Այս մասին մայիսի 20-ին տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ այս ծրագրի ներմուծման օգտին են խոսում մի շարք փաստեր: Վերլուծվել է այլ երկրների փորձը, որը ցույց է տալիս, որ միկրոէլեմենտների պակասը բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության վրա:
Ինչպես հայտնեց բանախոսը, 2005 թվականին անցկացված հետազոտությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության 37 տոկոսի շրջանում անեմիա է նկատվում, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում անեմիայով տառապողների ցուցանիշը կազմում է 24 տոկոս: Հղիների շրջանում այդ ցուցանիշը 12 տոկոս է կազմում: Հայաստանում, ալյուրը հարստացնող այլ երկրների համեմատ, 4 անգամ ավելի բարձր է պտղի նյարդային խողովակի արատի ցուցանիշը:
«Սրանով է պայմանավորված ծրագիրն ընդունելու անհրաժեշտությունը: Մենք ուզում ենք առողջ, պաթոլոգիաներից զերծ սերունդ ունենալ», - նշեց նա:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Այս ծրագիրը, սակայն, միանշանակ չէ ընկալվում հանրության կողմից: Ակտիվիստների ու փորձագետների մի մեծ խումբ դեմ է ալյուրի հարստացմանը:






