Այն բոլոր մարդիկ, ովքեր պնդում են, որ ՌԴ-ում հրաժարվել են ալյուրի հարստացման ծրագրից, խեղաթյուրում են իրականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին կ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը: Նրա խոսքով՝ ալյուրի հարստացման ծրագրից հրաժարված երկրների ցանկի հետ եւս ամեն ինչ այդքան միանշանակ չէ, քանի որ այդ երկրներում գործում են սննդամթերքների հարստացման այլ մեխանիզմներ:
Հ. Ասլանյանը հայտնեց, որ իր ղեկավարած բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են ՌԴ-ում շրջանառության մեջ գտնվող բոլոր փաստաթղթերը, որոնք խոսում են այն մասին, որ ՌԴ-ում չեն հրաժարվել այս ծրագրից, եւ այն մասամբ իրականացվում է ՌԴ տարբեր սուբյեկտներում: Իսկ ահա դաշնային մակարդակով օրենքը դեռեւս չի ընդունվել: Դա, պաշտոնյայի խոսքով, կապված է այն հանգամանքի հետ, որ ՌԴ-ն շատ մեծ երկիր է, այնտեղ կան ալյուրի բազմաթիվ արտադրողներ, որոնց գործունեությունը դժվար է ենթարկել միասնական կանոնների, այդ պատճառով ալյուրի հարստացման ծրագիրը ՌԴ-ում ներմուծվում է քայլ առ քայլ:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Այս ծրագիրը, սակայն, միանշանակ չէ ընկալվում հանրության կողմից: Ակտիվիստների ու փորձագետների մի մեծ խումբ դեմ է ալյուրի հարստացմանը:






