Ալաշկերտում հիվանդացած երեխաների վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահաճարակային միջոցառումների արդյունքում հիվանդների մոտ հայտնաբերել են շիգելլա զոնե (դիզենտերիա հիվանդության հարուցիչ), որը հիմնականում բնորոշ է սննդային գործոնին։ Իսկ խոհանոցի եւ խմբասենյակների մի շարք պարագաներից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի ախտածին մանրէներ, որը վկայում է երկրորդային ախտոտվածության մասին։ Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Վարակի աղբյուրը պարզելու համար նմուշառումներ էին իրականացվել հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորիներից, խոհանոցի եւ խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից։ Դրանց լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:

Համաճարակաբանական օրինաչափությունների եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային ծագման աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկում: Որոշում է կայացվել մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։ 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։ Երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթև եւ միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացմամբ դուրս են գրվել, Ալաշկերտի մանկապարտեզի սաների շրջանում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: