Պարզվում է՝ Հայաստանում արդեն չորս տարի գործում է սննդամթերքի հարստացման պիլոտային՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որն իրականացվում է Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում: Այս մասին այսօր լրագրողներին պատմեցին «Առողջ սնունդ» նախաձեռնող խմբի անդամ Արման Մխիթարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը:  

Արման Մխիթարյանի խոսքով՝ թիրախային խումբ հանդիսացող 50 հազար երեխա այս մարզերում արդեն իսկ հարստացված սննդամթերք են ստանում, եւ դա՝ առանց նախնական հետազոտությունների եւ միջանկյալ տվյալների բացակայության պայմաններում:

«Այժմ՝ չորս տարի անց, այս ծրագիրը փորձում են մասսայական դարձնել, սակայն չկան որեւէ տեղեկություններ այն մասին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել այս երեխաների մոտ», - նշեց նա՝ հավելելով, որ, եթե պիլոտային ծրագիրն է այսպիսի բարձիթողի վիճակում, արդեն կարելի է պատկերացնել, ինչ է կատարվելու դրա զանգվածային իրականացման դեպքում:

Խաչիկ Ստամբոլցյանն իր հերթին պատմեց լրագրողներին, որ մանկական ծրագրի համար նախատեսված ալյուրը ներկրվում է ՌԴ-ից, իսկ այդ ալյուրի՝ Հայաստան ներկրումը ՄԱԿ–ի պարենի ծրագրի շրջանակում ֆինանսավորում է Իսրայելը, որն ինքը հրաժարվել է ներմուծել այդ ծրագիրը:

Ստամբոցլյանի խոսքով՝ ալյուրի հարստացման ծրագիրը «համաշխարհային ռազմավարության» մի մաս է, որի համաձայն՝ երկրագնդում պետք է ապրի ընդամենը մեկ միլիարդ մարդ՝ այսպես կոչված «ոսկե միլիարդը»: Բնակչության թվի կրճատումը տարբեր կերպ է իրականացվում՝ պատերազմներ, համասեռամոլության քարոզում, սննդակարգային փոփոխություններ եւ այլն:

Արման Մխիթարյանը նշեց, որ ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին Հայաստանը որպես օգնություն տարբեր սննդամթերքներ էր ստանում, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, բացարձակապես պիտանի չէին օգտագործման համար, իսկ դրանից հետո Հայաստան էին ժամանում բժիշկների խմբեր եւ հետազոտություններ անցկացնում: Այսինքն՝ Հայաստանը այդ տարիներին վերածվել էր բաց լաբորատորիայի:

Խ.Ստամբոլցյանի խոսքով՝ առողջապահական խոշոր միջազգային կազմակերպությունները, որոնք կանգնած են այս տեսակ ծրագրերի իրականացման հետեւում, մեծագույն խաբեբաներ են, որոնց միակ նպատակը հնարավորինս շատ դեղորայք վաճառելն է: «Հիշեք, թե ինչքան գումարներ էին նրանք աշխատել թռչնագրիպի դեմ դեղորայքի վաճառքից: Իսկ այսօր մենք նույն այդ կառույցները փորձում ենք ներկայացնել որպես պահապան հրեշտակներ», - ամփոփեց բանախոսը: