Ալյուրի հասրտացման դեմ հանդես եկող ակտիվիստները դիմել են ՀՀ Քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այն մարդկանց եւ կառուցները, որոնք, առանց ծնողներին տեղյակ պահելու, 5 տարվա ընթացքում փորձարկումներ են անցկացնում երեխաների վրա: Խոսքը գնում է «կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մասին, որն իրականացվում է Գեղարքունիկի, Լոռու, Շիրակի մարզերում: Այս մասին այսօր լրագրողներին պատմեցին «Առողջ սնունդ» նախաձեռնող խմբի անդամներ Արման Մխիթարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ այս ծրագրի շրջանակներում երեխաներին կերակրում են հարստացված սննդամթերքներով՝ առանց ծնողներին տեղյակ պահելու: Ինչպես նշում են բանախոսները, այս փորձարկումը դեռեւս շարունակվում է՝ առանց համապատասխան հետազոտությունների եւ անհայտ նպատակներով:
Խ.Ստամբոլցյանը նշում է, որ իրենք հանդես գալիս ՀՀ ՔՕ երկու հոդվածով՝ 127 (Մարդկանց վրա բժշկական կամ գիտական փորձարկումների անցկացում առանց նրանց համաձայնության եւ 279 (Այնպիսի ապրանքի արտադրանք կամ վաճառք, այնպիսի ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին):
Խոսելով ալյուրի հարստացման ծրագրի մասին՝ Խ. Ստամբոլցյանը նշեց, որ օրինագիծը դեռեւս գտնվում է Ազգային ժողովում, վերջնական որոշում չկա, իսկ Հայաստան արդեն իսկ բերվել են ալյուրի հարստացման համար անհրաժեշտ սարքավորումները: Դա եւս, նրա խոսքով, ՔՕ խախտում է:
Արման Մխիթարյանի խոսքով՝ այս հարցի իրավական կողմերը դեռեւս վերջնականապես ուսումնասիրված չեն, սակայն հույս կա, որ հայ իրավաբանները կուսումնասիրեն այս հարցը եւ իրավական գնահատական կտան դրան, քանի այս ծրագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
«Այսինքն՝ ֆոլաթթուն խառնել սննդամթերքի հետ, իսկ ֆոլաթթուն դեղ է, եւ կերակրել դրանով ողջ բնակչությունը, կարծում եմ, դա հակաիրավական է», - նշեց նա:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը երկաթով ու ֆոլաթթվով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Այս ծրագիրը, սակայն, միանշանակ չէ ընկալվում հանրության կողմից: Ակտիվիստների ու փորձագետների մի մեծ խումբ դեմ է ալյուրի հարստացմանը:






