Ստետոսկոպը  բժշկի վզին՝ բժշկության դասական պատկեր է։

Բայց ստետոսկոպը հնաոճ սարք է, այն իրեն սպառել է եւ շատ մոտ ապագայում պետք է փոխարինվի, պնդում են Նյու Յորքի հայտնի սրտաբանները:

Ապագայում բժիշկներն իրենց գրպանում  ունենալու են փոքրիկ ուլտրաձայնային սարք եւ այն օգտագործելու են մարդու ներքին օրգանները դիտելու, այլ ոչ  ստետոսկոպի միջոցով լսելու համար, գրում է Մաունթ Սինայի բժշկության դպրոցի փոխդեկան եւ Global Heart ամսագրի գլխավոր խմբագիր Ջագաթ  Նարուլան ՝ Մաունթ Սինայից իր գործընկերոջ՝ բժիշկ Բրեթ Նելսոնի համահեղինակությամբ, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Ստետոսկոպը ստեղծվել է 1816 թվականին ֆրանսիացի բժիշկ Լաէնեկի կողմից:

Ուլտրաձայնային տեխնոլոգիան հայտնաբերվել է 1950-թվականներին, եւ ժամանակի ընթացքում դարձել է ավելի հեշտ կիրառելի եւ ավելի հստակ: Մեր օրերում բժիշկները կարող են 8000 - 10000 դոլարով խաղաթղթերի տուփի չափերի եւ սմարտֆոնների նման էկրանով սարքավորում գնել:

Ուլտրաձայնը թույլ է տալիս բժշկին իրականում տեսնել հիվանդի օրգանները, այլ ոչ թե լսել հիվանդության տարբեր հուշումները: Դա պակասեցնում է անպետք թեստերի անհրաժեշտությունը՝ բժիշկներն իրենք կկարողանան ամեն ինչ տեսնել, եւ պետք չի լինի ուղարկել հիվանդին համակարգչային տոմոգրաֆիայի կամ ՄՌՏ-ի: