Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսը ծխում է: Որոշ տղամարդիկ՝ օրական մի քանի ծխախոտ, որոշներն էլ՝ մի քանի տուփ: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ միջինում տղամարդիկ ծխում են 15-17 ծխախոտ օրական, իսկ կանայք ավելի քիչ՝ 12-13:

Իսկ ինչքա՞ն գումար են ծախսում ծխախոտի վրա այդ մարդիկ:

Հայաստանում ծխախոտը շատ ավելի էժան է, քան ուրիշ երկրներում, սակայն միջինում մեկ տուփն արժե մոտ 300-800 դրամ: Կա, իհարկե, նաեւ 200 կամ 2000 դրամանոց ծխախոտ: Ստացվում է հետեւյալ պատկերը.

  •  Այն մարդը, որը օրական ծխում է մեկ տուփ էժան ծխախոտ, ամսական դրա վրա ծախսում է 9 հազար դրամ:
  • Օրական մեկ տուփ ավելի թանկ ծխախոտ ծխող մարդիկ ամսական դրա վրա են ծախսում 24 հազար:
  • մարդը, ով օրական երկու տուփ էժան ծխախոտ է ծխում (այդպիսիք, իրենց իսկ ծխողների խոսքով, մեծամասնություն են կազմում) ամսական ծախսում է մոտ 18 հազար դրամ:
  • Երկու տուփ ավելի թանկ ծխախոտ ծխելու համար ամսական կպահանջվի 48 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Ալեքսանդր Բազարչյանը, տարեկան Հայաստանում ծխվում է մոտ 5 միլիարդ ծխախոտ: Դա 250 միլիոն տուփ է կազմում: Դա էլ կազմում է 75 միլիարդ դրամ, եթե մեկ տուփն արժե 300 դրամ եւ 150 միլիարդ դրամ, եթե մեկ տուփն արժե 600 դրամ: