Լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ են ունենում ոչ միայ շիզոֆրենիայով տառապող մարդիկ: Պարզվում է՝ առողջ մարդկանց 5.8 տոկոսւ ժամանակ առ ժամանակ գոյություն չունեցող իրեր են տեսնում եւ լսում գոյություն չունեցող ձայներ: Այս եզրահանգումների են եկել Քվինսլենդի գլխուղեղի ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականների մի խումբ, որոնք հետազոտել են առողջ՝ հոգեկան շեղումներ չունեցող մարդկանց մոտ ի հայտ եկող հալյուցինացիաները: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Jama Psychiatry ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 30 հազար չափահաս մարդ աշխարհի 18 երկրներից, որոնք չէին տառապում շիզոֆրենիայով, դեպրեսիայով կամ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Նրանց հարցեր էին տալիս երբեւէ եղած տեսողական եւ լսողական հալյուցինացիաների մասին: Ընդ որում՝ ալկոհոլի ազդեցությամբ ձեւավորվող հալյուցինացիաները հաշվի չէին առնվում:

Արդյունքները ցույց տվեցին, որ մասնակիցների 5.8 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ տեսողական կամ լսողական հալյուցինացիա են ունեցել: Բացի այդ՝ 30 տոկոսը կյանքում ընդամնեը մեկ անգամ են հալյուցինացիա ունեցել:

Ընդ որում՝ ավելլի հակված են հալյուցինացիաներին կյանքի միջին կամ բարձր մակարդակով երկրներում ապրող մարդիկ: Ավել հազվադեպ են հալյուցինացիաներ լինում միգրանտների մոտ՝ բնիկների համեմատ: Ինչ վերաբերվում է սոցիալական կարգավիճակին, ապա այստեղ պատկերն այնպիսին էր, որ միայնակ ու գործազուրկ մարդիկ ավելի հաճախ էին տառապում հալյուցինացիաներով՝ ընտանիք ունեցողների ու զբաղվածության խնդիր չունեցողների համեմատ: Առավել հաճախ էին հանդիպում հալյուցինացիաները 18-29 տարեկանների մոտ:

Այս հալյուցինացիաների հետեւանք կարող են լինել տագնապային վիճակները, սուիցիդալ մտքերը: Ստացված տվյալներն օգտագործվելու են բնակչության շրջանում հոգեկան շեղումները ռիսկերը որոշելու համար:

«Մենք պետք է հասկանանք, ինչու է որոշ մարդկանց մոտ հալյուցինացիան՝ ժամանակավոր երեւույթ, իսկ մյուսների մոտ՝ մշտական: Մենք պետք է օգտագործենք այս հետազոտության արդյունքները հալյուցինացիաներ առաջացնող մեխանիզմները տարբերակելու համար: Մենք պետք է վերանայենք նաեւ կապը լսողական հալյուցինացիաների եւ հոգեկան առողջության միջեւ, քանի որ վերջինս շատ ավելի նուրբ երեւույթ է, քան ընդունված էր կարծել նախկինում», - նշում է հետազոտության հեղինակ Ջոն Մաքգրատը (John McGrath):