Պաշտոնական հետազոտության համաձայն, Հայաստանում ծննդաբերական տարիքի կանանց 25 տոկոսի մոտ դիտվում է այս կամ այն աստիճանի սակավարյունություն։ Այս մասին հունիսի 1–ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեկնաբանելով հասարակության բողոքներն ընդդեմ ալյուրի հարստացման ծրագրի։
Ըստ նախարարի, տարեկան Հայաստանում ծնվում է տարբեր արատներով 700–800 երեխա, նրանցից 150–ը՝ ծանր արատներով՝ ասցիտով եւ նյարդային խողովակի արատով։ Եվ հիմնական պատճառը՝ մոր օրգանիզմում B9 վիտամինի պակասն է։ Սակայն այդ վիտամինի կարիքը ունեցող կանանց միայն 2 տոկոսն է համաձայնվում այն ընդունել, նշեց Ա. Մուրադյանը։ Նրանց հետ մշտական բացատրական աշխատանք է տարվում, հավելեց նա։
Դիտարկմանը, թե ինչու այդ դեպքում հարստացված հացը չտալ միայն հղի կանանց, նախարարը նշեց, որ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ սակավարյունության տոկոսն ավելի բարձր է՝ 37։ «Այդ պատճառով հարստացված ալյուրի կարիքն ունեն բոլորը։ Դա նույնն է, ինչ պնդել, թե ծխելուց պետք է հրաժարվեն միայն քաղցկեղով հիվանդները», – ասաց նա։






