Երեխաների փրկությանը նվիրված նախաձեռնությունները հրաշալի են եւ համապատասխանում են հայկական բնավորությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նկատել է, որ «Փրկիր կյանք» հիմնադրամի շրջանակներում, որը գործում է 2009 թվականից, բուժօգնություն են ստացել մոտ 500 երեխաներ:

«Երեխաների համար մենք միշտ փորձում ենք անել ամեն հնարավորն ու անհնարը: Երբ հայտնվում է նվազագույն հնարավորություն ներդնել ինչ-որ նոր բժշկական տեխնոլոգիա, մենք անմիջապես դա անում ենք»,-հայտարարել է նախարարը:

Առողջապահության նախարարությունը նաեւ մշտապես ընդլայնում է երեխաների բժշկական օգնությանն ուղղված ծրագրերը: 2014-ին այն ավելացել է 400 մլն դրամով եւ հասել 7,7 մլրդ դրամի: 2016 թվականի պետական բյուջեի նախագծում նախարարությունը ցանկանում է նմանատիպ ավելացում առաջարկել:

«Այն, ինչ չենք կարող անել մենք, փորձում են լրացնել սովորական մարդիկ: Մարդասիրությունն ու երեխաների հանդեպ սերը մեր ժողովրդի արյան մեջ է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում նման հիմնադրամներ են գործում»,-հայտարարել է Մուրադյանը: