Մաստակի գովազդային հոլովակները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Գովազդը մեզ ներշնչում է, որ առանց դրանց մենք ատամնափութի (կարիեսի) զոհը կդառնանք, բայց արդյո՞ք դա այդպես է, եւ ին՞չ սպառնալիքներ է իր մեջ պարունակում հենց մաստակը: NEWS.am Medicine-ի խնդրանքով մեկնաբանում է ARSEDENT կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Բաբայանը:
«Պետք է իմանալ մաստակ օգտագործելու ճիշտ ձեւը»,- նշում է ստոմատոլոգը: Նրա խոսքով, մոլորակի բնակիչների ամենատարածված մոլորություններից մեկն այն է, որ եթե իրենք մաստակ են ծամում, ապա կարող են չմաքրել ատամները: Մինչդեռ մաստակը չի մաքրում ատամները: Այն նաեւ չի կարելի երկար ու հաճախ ծամել:
Ինչպես ասում է Ա. Բաբայանը, այսօր իրականում կարելի է գնել մաստակ, որը վերականգնում է բերանի խոռոչի թթվա-հիմնային հավասարակշռությունը: Բայց դրանք պետք է օգտագործել մինչեւ 10 րոպե, չի կարելի անընդհատ ծամել: Այդ ժամանակ ատամները տուժում են այն առումով, որ նրանց վրա մշտական ծամիչ ծանրաբեռնվածություն է ընկնում, ինչը վերածվում է գերբեռնվածության: Ատամները ստիպված մշտապես աշխատում են, իսկ մարդկային ատամները բնության կողմից նախատեսված չեն դրա համար:
Մշտապես մաստակ ծամող մարդկանց մոտ առաջանում է ատամների ախտաբանական մաշվածություն, դրանք դառնում են ավելի բարակ եւ կարճ: Ինչի հետեւանքով փոխվում է կծվածքը եւ ատամների ծամիչ արդյունավետությունը: Խոսքն այն բանի մասին է, որ սնունդը անհրաժեշտ չափով չի մանրացվում, ինչն արդյունքում բերում է աղե-ստամոքսային համակարգի գերծանրաբեռնվածության: Իսկ կծվածքի փոփոխությունը հանգեցնում է շեղումների, ստորին ծնոտային հոդի փոփոխությունների: « Կան արհեստական ատամների համար նախատեսված հատուկ մաստակներ, որոնք չեն կպչում օրթոպեդիկ կառույցներին»,- նշում է բժիշկ-ստոմատոլոգը:
Համաձայն շաքար չպարունակող մաստակի վերաբերյալ որոշ արտասահմանյան հետազոտությունների, դրանք հաճախակի պարունակում են թթվային հավելումներ (ֆրուկտոզա, արոմատիզատորներ), որոնք ունակ են վնասել ատամի էմալը, ինչպես նաեւ ատամի վնասման լուրջ սպառնալիք դառնալ:Իսկ որոշ հետազոտողներ եկել են եզրակացության, որ պլոմբած ատամներ ունեցող մարդիկ, ովքեր մշտապես ծամոն են ծամում, կարող են թուլացնել ատամի պլոմբը (ատամնալիցքը):






