Պետպատվերի շրջանակներում դիաբետով տառապողների համար նախատեսված հնդկական դեղահաբերը վերջնականապես փոխարինվել են ֆրանսիականով: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դեղահաբերը ձեռք էր բերում ֆրանսիական Servier ընկերությունից՝ մեկ դեղահաբը 118 դրամով: Հերթական տենդերից հետո պատվերը անցել է հնդկական մատակարարին, որն առաջարկել է դեղահաբի համար 44 դրամ գին: Այդ դեղահաբերի որակը որոշակի մտահոգության տեղիք է տվել թե հիվանդների, թե մասնագետների շրջանում:
Servier-ի հետ երկար բանակցություններից հետո հաջողվել է նվազեցնել նույն դեղորայքի գինը մինչեւ 36 դրամ (7.5 ցենտ՝ խմբ.), ընդ որում՝ ներմուծումների 10 տոկոսը ընկերությունը համաձայնվել է իրականացնել բարեգործական հիմքերի վրա: «Դա տեղի ունեցավ շնորհիվ այն բանի, որ մենք կարողացանք երկարատեւ պայմանագիր կնքել: Նույն քաղաքականությունն ենք մենք վարելու նաեւ պետպատվերի շրջանակներում մատակարարվող այլ դեղորայքի հետ եւս», - նշեց նախարարը:






