Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները պետք չէ առանձնացնել առողջ երեխաների խնդիրներից Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողներին ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը։
Ըստ նրա, շատ հաճախ ծնողները կարծում են, որ հաշմանդամություն ունեցող երեխան իրենց համար խնդիր կդառնա։ Այդ իսկ պատճառով այսօր Հայաստանում այդ հարցով զբաղվող 23 ՀԿ-ները նպատակ ունեն հասարակությանը իրազեկելու, եւ ինչու ոչ հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ համապատասխան աշխատանքներ տանելու։
«Մեր առաջնային խնդիրն այն է, որ ծնողներին կարողանանք բացատրել եւ հասկացնել, որ հաշմանդամություն ունեցող երեխան՝ խնդիր չէ։ Բայց մեր երկրում ոչ մի ծրագիր չկա, որ կխրախուսի հաշմանդամ երեխայի ծնունդը»,- ասաց նա։
Ըստ բանախոսի՝ Հայաստանում ներկայումս 8000 սահմանափակ կարողություններով երեխա կա, սակայն այդ 8 հազար երեխայից թե ով ինչ հաշմանդամության խնդիր ունի՝ վիճակագրություն չկա:
«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանն, ում երեխան նույնպես հատուկ խնամքի կարիք ունի, ասաց, որ նման երեխաներին խնամելը դժվար է, իսկ դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ստանալն ու աշխատանք գտնելը գրեթե անիրականանալի է թվում.«Ծնողները կարծես խուսափում են երեխաներին հասարակության մեջ ներգրավել։ Հաճախ երեխաների տարիքն անցնում է, սակայն նրանք դպրոց չեն հաճախում, ես ինքս մայր եմ, իմ երեխան եւս հաշմանդամության խնդիր ունի, սակայն պետք չէ նրան մեկուսացնել, ընդհակառակը պետք է աշխատել ամեն ինչ անել, որ նրանք էլ մեր հասարակության մի մասնիկը դառնան»։
Բանախոսների կարծիքով, մենք լուրջ արդյունքների կհասնենք այն ժամանակ, երբ մեր կողքին կտեսնենք սահմանափակ կարողություններով մարդկանց։






