Իմունոթերապիան քաղցկեղի բուժման նոր մեթոդ է, որն ավելի արդյունավետ է, քան քիմիաթերապիան, նշում են բրիտանացի գիտնականները:
Արդեն շատ բան է հայտնի քաղցկեղի գոյացման եւ դրա զարգացման մասին: Սակայն քաղցկեղը դեռեւս բազմաթիվ գաղտնիքներ ունի, ինչպես նաեւ դրա դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ՝ չնայած նրան, որ ռադիկալ բուժման միջոցներ դեռեւս չկան:
Ավելի հաճախ կիրառվում է կոմբինացված բուժումը, որը համատեղում է վիրաբուժական, ճառագայթային բուժումը եւ քիմիաթերապային: Բուժումը, այնուամենայնիվ, ոչ միշտ է հաջողությամբ պսակվում: Իսկ հիվանդներն էլ այն շատ հաճախ դժվար են տանում:
Վերջերս ավելի հաճախ են խոսում բուժման նոր մեթոդի՝ իմունոթերապիայի մասին: Այս մեթոդի արդյունավետությունն են բարձրաձայնում, մասնավորապես, բրիտանացի գիտնականները:
Նոր իմունոխթանող դեղորայքի առաջին լայնամասշտաբ փորձարկումները մելանոմայով հիվանդների վրա նախկինում չտեսնված արդյունքներ են արձանագրել: Քաղցկեղի զարգացումը պացիենտների 58 տոկոսի մոտ հաջողվեց ամբողջությամբ կանխել եւ նույնիսկ բուժել:
Վիրահատության հնարավորություն չտրամադրող քաղցկեղի 4-րդ կամ 3-րդ աստիճան ունեցող հիվանդները նորագույն իմունոմոդուլացնող «Իպիլիմումաբ» եւ «Նիվոլումաբ» դեղորայքն են ստացել: Պարզվեց, որ այս դեղորայքի կոմբինացումը շատ ավելի դրական արդյունքներ է արձանագրում, քան դրանցից ամեն մեկն առանձին: Միջինում հիվանդության զարգացումը հնարավոր էր լինում կանխել 11.5 ամսում:
Որոշ կանխատեսումների համաձայն՝ իմունոթերապիան կարող է դառնալ քաղցկեղի բուժման «նոր հարացույց» եւ այլընտրանք քիմիաթերապիային արդեն մոտական 5 տարիներին: Սակայն իմունոթերապիայի մեկ տարվա կուրսն արժե 100.00 ֆունթ, իսկ լուրջ կողմնակի ազդեցություն ի հայտ է եկել դեպքերի 55 տոկոսում:






