«Գլենդել Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը, աշխատակազմի ղեկավար, ճանաչված վիրաբույժ Սիմոն Քեշքերյանը եւ Հարավային Կալիֆոռնիայի բժշկապետ Արբի Նահապետյանն Հայաստան են ժամանել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հետ համագործակցության երկարամյա ծավալուն ծրագրին մեկնարկ տալու նպատակով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող նվազագույնը 5 տարվա ծրագրի շրջանակում ամերիկյան գործընկերները քույր հիվանդանոցին կաջակցեն ոչ միայն ժամանակակից սարքավորումներով ու դեղամիջոցներով, այլեւ կադրերի վերապատրաստումով, բուժական միջոցառումների անցկացումով։ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը տեղում ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2010 թվականին հիմնանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցում մատուցվող ծառայություններին, առկա նյութատեխնիկական հնարավորություններին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Քեվին Ռոբերտսը նշեց, որ Գլենդելի հայ համայքը եւ բժիշկները մեծ աջակցություն կցուցաբերեն այս ծրագրին։ ««Գլենդել Այվենտիստ» բժշկական կենտրոնում եւս գործում է հեռաբժշկության այնպիսի հանգույց, ինչպիսին տեղակայված է Նոյեմբերյանի հիվանդանոցում։ Դա մասնագիտական համագործակցության լուրջ գործիք կդառնա»,-ասաց նա` հավելելով, որ սեպտեմբերին 20 տարբեր մասնագետներ կժամանեն Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` տարածաշրջանում առավել տարածված 5 հիվանդության գծով` նախապես հետազոտված հիվանդներին խորհրդատվություն, բուժումներ եւ վիրահատություններ կատարելու նպատակով։






