ՄԱԿ-ի փորձագետները առաջարկում են վերանայել ՄԻԱՎ-ի բուժման մոտեցումները: Այժմ դեղորայք են ստանում միայն լեյկոցիտների մակարդակի` արյան մեկ խորնարդ միլիմետրի դիմաց 500 ցուցանիշ ունեցող մարդիկ: Իսկ եթե բուժումը սկսվի ախտորոշումից անմիջապես հետո, մահացությունն ու բարդացումների քանակը նկատելիորեն նվազում են:

Այս եզրահանգումների են եկել գիտնականները աշխարհի 35 երկրներից 4685 ՄԻԱՎ վարակակիրների մասնակցությամբ իրականացված փորձարկումներից հետո: Արդյունքները ցույց տվեցին, որ վաղ բուժումը նվազեցնում է ՁԻԱՀ-ի առաջացման հավանականությունը, ինչպես նաեւ մահվան ելքի հավանականությունը երկու անգամ:

ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի կողմից ֆինանսավորվող START կլինիկական հետազոտությունը, որի շրջանակներում հետազոտվել են ավելի քան 4685 ՄԻԱՎ վարակակիր աշխարհի 35 երկրներից, ցույց տվեց, որ հակառետրովիրուսային թերապիան վաղ փուլում դրական արդյունքներ է արձանագրում: Գիտնականների տվյալներով` այս դեպքում ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկը նվազում է 53 տոկոսով:

UNAIDS գործադիր տնօրեն Միշել Սիդիբեի խոսքով` այս արդյունքները եւս մեկ անգամ վկայում են, որ ՄԻԱՎ-ով ապրող ցանկացած մարդ պետք է հակառետրովիրուսային թերապիայի ենթարկվի: Նա նշեց, որ հապաղումն այստեղ առողջության իրավունքի խախտում է: Նոր տվալները կարեւոր դեր կարող են խաղալ ԱՀԿ` ՄԻԱՎ-ի բուժման` այս տարի հրատարակվելիք ձեռնարկի մշակման գործընթացում:

ՄԱԿ-ն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը հաղթահարել ՁԻԱՀ-ի համաճարակը: Ընդ որում` միակ տարածաշրջանը, որտեղ ՁԻԱՀ-ը շարունակում է տարածվել, Արեւելյան Եվրոպան է ու Կենտրոնական Ասիան: