Իսրայելից Հայաստան ժամանած MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեց իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:
Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի միջին տեւողությունը կանանց մոտ անցնում է 81-ը, իսկ տղամարդկանց մոտ 80-ը: Յուրաքանչյուր ընտանիք միջինն ունենում է նվազագույնը երեք երեխա:
«Առողջապահությունը հեռանկարային ոլորտ է, որտեղ պետությունը մեծ ներդրումներ է կատարում»,- ընդգծեց առողջապահության կազմակերպիչը։ Նա հայտնեց, որ Իսրայելում 1995 թվականից ներդրվել է առողջության պարտադիր ապահովագրման մասին օրենքը, որը թույլ է տալիս բնակչությանը օգտվել բժշկական լայն ծառայությունների փաթեթից:
1969 թվականին Իսրայելում կատարվել է առաջին փոխպատվաստումը: Արդեն ավելի քան չորս տասնամյակ է շատ երկրների համար դեռեւս անհասանելի բժշկական օգնության այս տեսակն այստեղ մեծ զարգացում է ապրել: Ստեղծվել է տեղի առողջապահության նախարարությանն առընթեր Փոխպատվաստման ազգային ինստիտուտ:
Առողջապահության կազմակերպիչը նշեց, որ արդյունավետ կառավարման տեսանկյունից կարեւոր է, որպեսզի բժշկական կենտրոնները ժամանակին համընթաց քայլեն` մշտապես հետեւելով գիտական նորարարություններին, աշխարհի առաջադեմ փորձին:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ բժշկական ծառայությունների որակի վերահսկման, բժշկական կազմակերպությունների եւ մասնագետների լիցենզավորման գործընթացին: Ներկայացվեց նաեւ Իսրայելի «Շնայդեր» մանկական բժշկական կենտրոնի գործունեության եւ գրանցած հաջողությունների մասին տեսաֆիլմ: Հայ մասնագետներն առողջապահության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղեցին հյուրին:






