ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Կարեւորելով համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները` նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակի եւ ժամկետների պահպանման համար։ Տիկին Ջորջը հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ ընթանում են եւ կավարտվեն նախանշված ժամկետում։ «Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք հայկական կողմին»,-ասաց նա` հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը։

Ծրագրի առաջին փուլում վերանորոգվում եւ արդիականացվում են Շիրակի եւ Տավուշի մարզերի լաբորատորիաները։ Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտեց, որ տպավորված է գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։

Նախարար Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի նաեւ կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։