Երկրորդ տիպի դիաբետի առաջացման պատճառները կարող են ստաֆիլոկոկները լինել (Staphylococcus aureus), որոնք ապրում են մարդու մաշկի վրա: Այս եզրահանգման են եկել Այովայի համալսարանի գիտնականները: Այս բակտերիաները տոկսին են արտադրում, որը ժամանակի ընթացքում բորբոքում է առաջացնում, իսնուլինային կայունություն եւ գլյուկոզայի նկատմամբ կայունության խաթարում:

Ամերիկյան գիտնականների վերլուծության արդյունքները լույս են տեսել mBio ամսագրում: Փորձարկումներն իրականացվել են ճագարների վրա: Վերջիններիս վարակել են ստաֆիլոկոկվ, եւ արդեն մի քանի շաբաթ անց նրանց մոտ երկրորդ տիպի դիաբետի նախանշաններ են ի հայտ եկել:

Հայտնի է, որ շաքարային դիաբետի զարգացման հիմնական ռիսկի գործոններից է ճարպակալումը: Սակայն հենց ավելորդ քաշի առկայության դեպքում են մարդիկ ստաֆիլոկոկի համար ավելի հմայիչ դառնում, ինչի արդյունքում մաշկի վրա բնակություն են հաստատում այս բակտերիաները:

Հետազոտության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են շաքարային դիաբետ ունեցող 4 մարդու հիվանդության պատմությունը: Ստացած տվյալները շատ չէին տարբերվում ճագարների վրա իրականացրած փորձարկումների հետազոտության արդյունքներից:  

«Ես կարծում եմ, որ այժմ մենք միջոց ունենք՝ դիաբետի զարգացումը՝ կանխելու եւ հիվանդության ընթացքը փոխելու, - նշում է միկրոկենսաբանության ամբիոնի դոկտոր Պատրիկ Շլիվերտը, - Տվյալ պահին մենք աշխատում ենք սուպերանտիգենի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա եւ կարծում ենք, որ այս դեղորայքը կարող է կանխարգելել նաեւ երկրորդ տիպի դիաբետը»: