58-ամյա Լուիզա Բրենթը անգլիական Հալ քաղաքից տառապում է մի հիվանդությամբ, որը ավելի դժվար է վերահսկել, քան քաղցկեղի որոշ տեսակներ: Նա դեմքի երակազարկերակային ձեւափոխություն ունի՝ պաթոլոգիկ կապ երակների ու զարկերակների միջեւ: Բնածին այս պաթոլոգիան երակների ու կապիլյարների ձեւափոխության պատճառ է դառնում: Հիվանդությունը երկու անգամ քիչ էր մնում սպաներ կնոջը: Այս հիվանդության դեպքում երակները փաթաթվում են միմյանց եւ սկսում աճել՝ ծառի ճյուղերի նման:
Հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ ցավով, մաշկի քայքայմամբ, հյուսվածքների ոչ բնական աճով եւ նույնիսկ սրտային անբավարարությամբ: Որոշ պացիենտներ կանոնավոր բուժման կարիք են ունենում աճած հյուսվածքների քայքայման կամ հեռացման համար: Մի բժիշկ նույնիսկ ասել է Լուիզային, որ նրա հիվանդությունը ավելի դժվար է վերահսկել, քան քաղցկեղը, քանի որ, եթե որեւէ բան աննկատ է մնում, այն սկսում է շատ ագրեսիվ աճել:
Կինը երկու ծանր վիրահատության է ենթարկվել, իսկ բժիշկները ստիպված եղան հեռացնել նրա դեմքի կեսը: Հիվանդությունը սկսեց զարգանալ, երբ Լուիզան արդեն 45 տարեկան էր: Գլխացավեր ի հայտ եկան, որոնք երակազարկերակային ձեւափոխության ախտանշաններից են, իսկ դրան հետեւեցին նաեւ վիրահատությունները:
Բրիտանական հոսպիտալներում Լուիզային չկարողացան օգնել, եւ նա մեկնել էր ԱՄՆ՝ այս հիվանդության մասնագետի մոտ: Հենց այնտեղ է նա մի քանի վիրահատություն անցել, որոնց դիմաց արդեն իսկ 100 հազար ֆունտ է վճարել:








