2015 թվականի մայիս-հունիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի` լաբորատոր հետազոտությամբ հաստատված 5 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Եվրոպայից եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հիվանդ անձանց հետ: Դեպքերից 3-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 2-ը՝ մեծահասակ (24 եւ 38 տարեկան): Հիվանդները կարմրուկի դեմ կամ ընդհանրապես պատվաստումներ չունեն, կամ էլ՝ թերի են պատվաստված: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում է նկատվում: Վրաստանում դեռեւս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է նաեւ այս օրերին: 2014թ. դեկտեմբերից կարմրուկի բռնկում է գրանցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաեւ Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ տեղական դեպքեր չեն արձանագրվում, սակայն 2013-2014 թվականներին գրանցվել է այլ երկրներից բերված 10-13 դեպք: Բերովի դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կապված են զբոսաշրջության հետ եւ գրանցվում են հիմնականում դրա աշխուժացման ժամանակահատվածում՝ մայիս-օգոստոս ամիսներին:

Կարմրուկը սուր վարակիչ եւ բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով: Գաղտնի շրջանը տեւում է մինչեւ 21 օր, միջինը՝ 7-18 օր: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջրաթաղանթի բորբոքում), հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից են թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցն է: