Ալյուրի հարստացման ծրագրի փոխարեն, որը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով, կոչված է վերադարձնել ալյուրին զտելուց հետո կորցրած էլեմենտները, մասնագետները առաջարկում են պարզապես չմաքրել այն այդ էլեմենտներից աղալու ընթացքում:

Ինչպես նշել է այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկրաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը, եթե այս ծրագրի նպատակը ալյուրին կորցրած միկրոէլեմենտները վերադարձնելն է, այդ դեպքում, պետք է վերադառնալ ԽՍՀՄ շրջանի հացի արտադրության սկզբունքներին, երբ դրա մեծ մասը պատրաստվում էր ամբողջական հատիկից պատրաստված ալյուրից: Այսպիսի հացը, մասնագետների կարծիքով, առողջարար է:

«Կարելի է ալրաղացներում վերացնել թեփի մաքրման սարքավորումները և չզտել ալյուրի մեծ մասը: Դա չի նշանակում, որ պետք է ամբողջապես հրաժարվել բարձր կարգի ալյուրից, այն եւս պետք է լինի: Սակայն եթե հացի մեծ մասը առողջարար լինի, հարցը կլուծվի», - նշել է նա:

Ա. Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ ալյուրի հարստացման մասին օրինագիծը չի ընդունվի ԱԺ-ում, քանի որ պատգամավորներից շատերը՝ ներառյալ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներին, դեմ են դրան:

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը պլանավորում է հարստացնել ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով: Օրինագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում: Սակայն հանրությունը հիմնականում խիստ բացասաբար է վերաբերվում այս ծրագրին: Դրա դեմ են հանդես գալիս նաեւ շատ ակտիվիստներ ու փորձագետներ: ՀՀ ԱՆ-ի հիմնական փաստարկն այն է, որ ալյուրի հարստացումը անհրաժեշտ է անեմիայի եւ երեխաների մոտ նյարդային խողովակի դեֆեկտների ցուցանիշը նվազեցնելու համար: